Կառավարությունը պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր․ ծրագիր
«Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով, Կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր»,– այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։
Նշվում է, որ դրան զուգահեռ կարևորագույն խնդիրներից են համարվելու պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի
շարունակական բարելավումը և զինված ուժերի գործունեությունն ու զարգացումն
առաջնորդումը պատրաստականության բարձրացման ու մարդկանց նկատմամբ
հոգածության ավելացման սկզբունքներով։
Կառավարությունը, ըստ այդ ծրագրի, կարևորում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեությունը, ինչպես նաև այդ ոլորտներում պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:
«Սակայն պետության պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից առաջնահերթությունը տրվելու է առկա ուժերով և միջոցներով ռազմական խնդիրների կատարման՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստականությանը՝ անձնակազմի արհեստավարժության, զինանոցի և միջազգային կապերի արդյունավետության և մարտադաշտում ֆիզիկական, հոգեբանական ու մտավոր գերազանցության միջոցով», – նշվում է փաստաթղթում։