Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղության հաստատման գործընթացում․ կառավարության ծրագիր
Արցախի հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը, ի թիվս մի քանի այլ հարցերի, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են լինելու առաջիկա 5 տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։
«Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»,- վերահաստատվում է փաստաթղթում:
Ծրագրի համաձայն՝ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը, ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։
Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում։
Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, ապա կառավարության ծրագրում հիշատակվում է հետևյալը․
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»։