Միջնորդների և տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը թուլացրին լարվածությունը Ղարաբաղի շուրջ. ՀԱՊԿ
Միջազգային միջնորդների եւ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերը հանգեցրել են լարվածության թուլացման, ինչպես նաեւ երկխոսության ակտիվացման Ղարաբաղի շուրջ։ Այս մասին փետրվարի 6-ին, Երեւան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Աստանա հեռուստկամարջի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները թույլ են տվել հասնել որոշակի պայմանավորվածությունների, որպեսզի ձեռնարկվեն վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացին անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցներ։ «Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ հաստատվել է ուղիղ կապ բարձր մակարդակով»,- ասել է նա։
Ի պատասխան մեկ այլ հարցի, թե ինչպես է ՀԱՊԿ սահմանների անվտանգության վրա ազդում Հայաստանի կողմից ռուսական բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը, Սիդորովն ասել է, որ չի կարող մեկնաբանել այն որոշումը, որն ընդունել են Կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները։
Մեկ այլ հարցի պատասխանելով, որը վերաբերում էր նրան, թե արդյոք ՀԱՊԿ ղեկավարությունը տեղեկություն ունի Նախիջեւանի տարածքում թուրքական ռազմակայանի կառուցման մասին, գեներալ-գնդապետն ասել է, որ իրենք նման տեղեկություն չունեն։
Պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հայ ներկայացուցչի նշանակման հարցին՝ Անատոլի Սիդորովն ասել է, որ վստահ է՝ մասնակից երկրների ղեկավարները բոլորի համար ընդունելի որոշում կկայացնեն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռուսական Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիր են կնքել։