Փոխմարզպետներից ներքև գտնվող օղակներում կոռուպցիա կա. Հովիկ Աղազարյան
Փոխմարզպետներից ներքև գտնվող օղակներում կոռուպցիա կա և դա բացատրվում է երկու հանգամանքով՝ շատերը դեռ պատրաստ չեն եւ սովոր չեն ապրել նոր արժեհամակարգում, իսկ ավելի ճնշող մեծամանությունն իրենց գործունեությամբ փորձում են նոր իշխանությունների նկատմամբ ժողովրդի մեջ սերմանել հակակրանք, որպեսզի վերջինս փոխի իր վերաբերմունքը նոր իշխանության նկատմամբ։ Այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ իշխանության հանդեպ հակակրանք սերմանող մարդիկ դա անում են, որպեսզի հնարավորություն ստեղծվի 5-6 տարի հետո վերադառնալ նախկին համակարգին. «Այն համաարգում, որը կար, չինովնիկներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում»։
Նա նաեւ հայտարարեց, որ փոխմարզպետներից վեր օղակներում կոռուպցիոն որեւէ ռիսկ չկա եւ դա այն բանի շնորհիվ, որ քաղաքական թիմ է այսօր իշխանության եւ քաղաքական թիմի համար դա կարեւոր հարց է։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ ասաց, որ օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է. «Մարդ որ գիտի, թե ովքեր են ճամպրուկներով փող տարել Բաղրամյան 26 եւ տանողներն այսօր շարունակում են իրենց գործունեւութունը, ապա հաստատ կոռուպցիայի հետ կապված որեւէ առջընթաց չունենք։ Լուրջ խոսակցություններ կան, որ խոշոր գործարարները, որոնց հետեւից դադարեցնում են գնալը, մուծվում են, ես դա պատասխանատվությամբ եմ հայտարարում, ընդ որում, եթե այն ժամանակ ճամպրուկներով էին տանում Բ26, հիմա ուղղակի կա մեկ հարկահավաք միջնորդ, պահը եղավ, իր անունն էլ կտանք»,–ասաց նա։