Կառավարությունը հավանություն տվեց իր ծրագրին. վերջին «շտրիխներն» են անում և ԱԺ կներկայացնեն մինչև փետրվարի 8-ը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում ներկայացվեց կառավարության ծրագիրը։ Այն ներկայացնող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե գործադիրի բոլոր անդամներն աշխատել են ծրագրի վրա։ Նա նշեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության բոլոր նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները, արժեհամակարգը, որի կերտմանը ձգտելու է կառավարությունը, աղճատված եւ արատավոր երեւույթների մասին, որոնք ենթակա են անհապաղ վերացման:
«Կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն: Կառավարությունը ԱԺ համանությանն արժանանալուց հետո կառավարությունը կնախաձեռնի դրանից բխող միջոցառումների ծրագրի ձեւավորման եւ հաստատման գործընթացը»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է որոշակի խմբագրումներ անել ծրագրում ոճական ու խմբագրական առումով:
«Մինչև ամսի ութը ժամանակ ունենք, խմբագրումները կանենք ու կուղարկենք Ազգային ժողով», - ասաց Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ կառավարության ծրագրի հենքը եղել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց վաղը երեկոյան կառավարության անդամներով հավաքվել ու «վերջին շտրիխներն անել»։ Նա ասաց, որ հարցն այսօր քվեարկության չի դնելու։