Ճիշտ ենք անում, որ բուհերի գործունեությանն անհարկի չենք միջամտում, մյուս կողմից չպետք է իներտ լինենք. Փաշինյան
Մենք ճիշտ ենք անում, որ բուհերի գործունեությանն անհարկի միջամտություններ չենք անում, մյուս կողմից չպետք է իներտ լինենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նախկինում բուհերում գործել են համակարգեր, որոնք այլ քաղաքական համակարգի տրամաբանության մեջ են եղել եւ շարունակում են նույն տրամաբանության մեջ գործել. «Մենք պետք է ինչ-որ տեղ կարողանանք ոչ թե միջամտությամբ, այլ մեր դիրքորոշումն արտահայտենք»:
Փաշինյանի խոսքով, բուհերում նախկինում կառույցներ են եղել, որոնց նպատակը եղել է ուսանողներին եւ բուհական համակարգը իշխանության համար վերահսկելի դարձնելը. «Եթե այդ օղակները հիմա էլ գործում են, բնականաբար, մենք այդպիսի բանի պահանջարկ չունենք եւ նման խնդիր չենք դրել: Բայց մյուս կողմից հարց է ծագում, թե ինչն են նրանք ուզում վերահսկելի դարձնել եւ ում համար: Այս առումով մեզ հրապարակային մեղադրանքներ են հնչում, եւ մենք պետք է լինենք բավարար չափով ճկուն»: