Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին 8 թեկնածու է առաջադրվել․ 7-ն անկուսակցական են, 1-ը՝ ՔՊ-ից
Փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար 8 թեկնածու է առաջադրվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ թեկնածուներից միայն մեկն է կուսակցական՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Զարոյանը։ 33-ամյա թեկնածուն ինքնաառաջադրվել է։ Հետաքրքիր է, որ Զարոյանն աշխատանքի վերաբերյալ ոչինչ նշված չէ ԿԸՀ-ում հրապարակված տեղեկատվության մեջ։ Ի դեպ, նա հեղափոխությունից հետո կարճ ժամանակ աշխատել է որպես մարզպետի տեղակալ։ «Իրատես» թերթն օրեր առաջ գրել էր․ «Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից»։
Մյուս բոլոր թեկնածուներն անկուսակցական են՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը, Անշարժ գույքի պետական կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ Գրիշա Աղաջանյանը, համայնքապետի օգնական Արկադի Խաչատրյանը, Վարդենիսի հայրենակցական միության նախագահ Գարսեւան Սաղաթելյանը, անհատ ձեռներեց Արսեն Ամիրխանյանը, Գեւորգ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Վարդենիսի նախկին քաղաքապետ, Հանրապետական Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 3-ին։