ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման հարցեր
ՀՅԴ ներկայացուցիչների եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի միջեւ կայացած հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցեր: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից։
«ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցերին։ Երկուստեք կարեւորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը»,–ասված է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։