Ծառայությունների ոլորտում հունվարին արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, մարդատար տրանսպորտային ծառայություններինը՝ 0.2%-ով, հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.2%-ով:
Միաժամանակ, սպասարկման ծառայությունների (ռեստորանների, սրճարանների և համանման կազմակերպությունների) սակագների մակարդակը նվազել է 0.2%-ով, իսկ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման, կապի, կրթության, բժշկական, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.4% հավելաճ, այդ թվում, համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով: