Կառավարությունը կհաստատի Ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Հայաստանի կառավարության` փետրվարի 6-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցն է: Կառավարության որոշմամբ` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Վարդան Էդիկի Ուռուտյանի ընտրության արդյունքները հաստատվում են:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը: