Կուտակվել են մի շարք խնդիրներ հայ-իրանական հարաբերություններում. Վարդան Ոսկանյան
Այսօրվա ասուլիսի ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել է, որ հայ-իրանական հարաբերություններում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումը օրակարգային է: Մասնավորապես, բանախոսը ուշադրություն է հրավիրել հատկապես Պարսից ծոց-Սև ծով կապի ստեղծման համար Հայաստանը որպես տարածաշրջանային միջանցք ունենալու հարցը, որը տարիներ շարունակ դժվարությամբ է իրականություն դառնում:
«Մենք պետք է կենտրոնանանք մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վրա: Այս միջանցքի իրականացման համար մեզնից շատ բան չի պահանջվում` ընդամենը կառուցել հյուսիս-հարավ մայրուղի»,-ասել է Վարդան Ոսկանյանը:
Բանախոսը նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է շրջափակումից դուրս գալ, իսկ Ադրբեջանը և Թուրքիան հետևողականորեն իրականացնում են այդ ծրագիրը: Իրանը այդ առումով մեծ դեր կարող է խաղալ, եթե Հայաստանի իշխանությունը սկզբունքորեն գործի: