Գյումրեցի 32-ամյա տղամարդու ինքնասպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին, Հայաստանի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան բնակարանում կախվել է:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի միջանցքում՝ հյուրասենյակի դռան վերևից անցնող գազի խողովակից վզնոցով կախված վիճակում, հայտնաբերվել է Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին: Դեպքի առթիվ Հայաստանի ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: