Փաշինյանը հրշեջի պես փորձում մարել հրդեհը. քաղաքագետ Վիգեն Հակոբյան
Հայաստանում ռեալ արդյունքներ չեն երևում, թեև իշխանափոխությունից անցել է մոտ 8-9 ամիս։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Թե՛ բիզնեսը, թե՛ հանրությունը իրենք խնդիրներն ունեն և փորձում են կառավարության քայլերում իրենց խնդրի լուծման բանալին տեսնել, սակայն չեն տեսնում համակարգված մոտեցում, հստակ տեսլական։ Հասկանալի չէ, թե ի վերջո կառավարությունը տնտեսական հողափոխություն եղրույթի տակ ինչ է հասկանում»,–նշեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ շատ կարևոր է, որ կառավարության ծրագիրը լինի համակարգված ծրագիր, ոչ թե ուղղակի կարգախոսների փունջ։
Նրա համոզմամբ, սակայն, կառավարության քայլերի հաջորդականությունը խառված է. «Կառավարության ծրագրով գալու են Ազգային ժողով, սակայն կառավարության կառուցվածքային փոփոխության նախագիծը չկա։ Ինչպե՞ս կարելի է կառավարության ծրագիր ներկայացնել, երբ հստակեցված չեն, օրինակ, ԿԳ նախարարությունը ի՞նչ գործառույթներ է այսւոհետ իրականացնելու։ Չէ որ կառավարության կառուցվածքից է բխելու նաև բյուջեի վերանայումը»։
Վիգեն Հակոբյանը տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է տարբեր իրավիճակները հանդարտեցնող «փրկիչ»։ «Այսօր մի պաշտոնյան մի բան է ասում, մեկ այլ պաշտոնյա մի այլ բան է ասում, դա վերածվում է բավականին լուրջ բանավեճի թե՛ սոցցանցերում, թե՛ քաղաքական շրջանակներում և հենց հասնում է կիզակետին, հայտնվում է «փրկիչը»՝ Նիկոլ Փաշինյանը և հրշեջի պես փորձում մարել հրդեհը»,–եզրափակեց նա։