Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց Ռոբերտ Քոչարյանի կամքով. Հովհաննես Իգիթյան. (տեսանյութ)
Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, այլև նրա կամքով: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Ըստ նրա, մոտեցումը, որի համաձայն պատերազմի ավարտից հետո Ղարաբաղը պետք է բանակցային սեղանի շուրջ իր տեղն ունենա, այսպես թե այնպես, մինչև այդ կիրառվել է:
«Իսկ Ռոբերտ Քոչարյանը չէր վստահում այն ղեկավարությանը, որը իրենից հետո մնացել էր Ղարաբաղում և համոզված էր, որ ինքը կարող է ԼՂՀ-ն ավելի լավ ներկայացնել՝ արդեն Հայաստանում իշխանության լինելով: Սրա հետ է կապված այն փաստը, որ եռակողմ ձևաչափը երկկողմի է վերածվել», - բացատրեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ բնակչություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարարություններն, ըստ էության, հասցեագրված են ադրբեջանական կողմին:
«Հայաստանի իշխանությունները երբեք ադրբեջանցիների հանդեպ ագրեսիա չեն սերմանել իրենց քաղաքացիների գիտակցության մեջ, ի տարբերություն ադրբեջանական իշխանությունների, որոնք թե ներսում և թե արտաքին հարթակներում հակահայկական քաղաքականություն են վարում: Ադրբեջանական կողմը պատրաստ չէ խաղաղությանը», - ասաց իշխող դաշինքից պատգամավորը:
Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, հայտարարություններն անում է այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանից ոչ մի կտրուկ արձագանք չլինի, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հայեցակարգային մոտեցում: «Վարչապետի հայտարարություններն այն մասին, որ նա չի կարող խոսել Ղարաբաղի ժողովրդի անունից, կապված են այն ըմբռնման հետ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի և Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված են», - եզրափակեց պատգամավորը: