«Պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնանք». Ավինյանի աշխատակազմի ղեկավարը դեմ է օրհներգը փոխելուն
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ազգային օրհներգը փոխելու քննարկումների վերաբերյալ եւ նշել, որ ինքը կտրականապես դեմ է փոփոխությանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ ընկերներ,
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներքը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։ Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։
Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներք և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։
Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու։ Շնորհակալություն»:
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր Facebook-ի էջում հայտարարել էր, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: Արդեն երեկ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ այդ հարցով դիմել են Սփյուռքի կառույցներին՝ կարծիքներ ստանալու համար: