Ռոբերտ Քոչարյանը դատարանում դարձյալ ելույթ է ունեցել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ փետրվարի 4-ին, դարձյալ ելույթ է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանում և անդրադարձել շուրջ 6 ժամ տևած դատավարության ընթացքում հնչեցված հարցերին, ինչպես նաև՝ դիրքորոշում հայտնել մեղադրանքի վերաբերյալ։
«Մեղադրանքի բոլոր դրույթներին հերթով անդրադարձել է»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչ է խոսել երկրորդ նախագահը։
Ալումյանի խոսքով՝ մեղադրողների ներկայացրած առարկություններում չկար մի դրվագ, որին պաշտպանական կողմը նախկինում անդրադարձած չլիներ։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու. այն կհրապարակվի փետրվարի 7-ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։
Երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Հայաստանի պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։