Ուսանողին տալ ուսման վարձը նաև ըստ ամիսների վճարելու հնարավորություն. Տիգրան Ուրիխանյանի նախագիծը
Խորհրդարանի պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրխանյանի հեղինակած ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Նախագիծն առաջարկում է գործող օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների»:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հետևյալն է. ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում ներկայում գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ: Մասնավորապես, համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության` «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»:
Միաժամանակ, նույն կետի 6-րդ պարբերության համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն, ըստ անհրաժեշտության, սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձևակերպումն, ըստ նախագծի հեղինակի, որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը, ուստի առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:
«Կրթության մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: