Արսեն Թորոսյանը` քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառների ու դրանց կանխարգելման միջոցների մասին (տեսանյութ)
Հայաստանում քաղցկեղի տեսակների մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա բնորոշմամբ՝ դա հիմնականում կապված է մեր երկրի բնակիչների շրջանում ծխողների մեծ թվի հետ:
Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ է արել աչալուրջ լինել ու օր առաջ գնալ պրոֆիլակտիկ ստուգումների՝ կանխարգելելու հիվանդության գլուխ բարձրացումը, հայտնաբերվելու դեպքում էլ չհանձնվել ու չմտածել, որ դա դատավճիռ է, այլ հաստատակամ քայլեր կատարել բուժման համար:
«Ինչպես գիտեք, բժշկության զարգացմանը զուգընթաց շատ քաղցկեղներ հնարավոր է լինում բուժել կա´մ ամբողջովին, կա´մ երկարատև»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանը ներկայացրեց աշխարհի մասշտաբով քաղցկեղի վիճակագրությունը` ներկայացնելով նաև դրանց հաղթահարման ուղղությամբ գրանցած հաջողությունները: Նախարարն անդրադարձավ նաև վարքագծային այնպիսի կանոնների, որոնց օգնությամբ հնարավոր է կանխարգելել ուռուցքային հիվանդությունների առաջացումը: