2018-ին «Պատիվ ունեմ» ծրագրով կնքվել է 300 պայմանագիր, «Ես եմ»-ով՝ 255 պայմանագիր․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է 2018 թվականի աշխատանքներն ու ներկայացրել նախարարության գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները, որոնց թվում է այն, որ ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը։
Նախարարության կայքի հրապարակման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների հետ։ Իսկ 3 տարի ժամկետով պարտադիր (ժամկետային-պայմանագրային) զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ։
Սրանցից առաջինը ենթադրում է սպայական կադրերի համալրում՝ բարձրագույն կրթությամբ երիտասարդներին սովորական ժամկետային ծառայության փոխարեն սպայական ծառայության ներգրավումով։ Երկրորդը՝ «Ես եմ» ծրագիրը, նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ծառայել երեք տարի՝ այդ ընթացքում պարբերաբար արձակուրդ գալով, դրա համար նախատեսված գումար ստանալով, իսկ վերջում՝ 5 միլիոն դրամ պատվովճարով պարգևատրվելով։