Ակնհայտ է, որ մարդկանց չեն բացատրել Հայաստանի Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները. փորձագետ
Ակնհայտ է, որ մարդկանց չեն բացատրել առաջարկվող փոփոխությունները, ինչը հանգեցրել է տարաձայնությունների եւ թյուրըմբռնման: Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Հարկային քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ, Փոքր եւ միջին բիզնեսի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը՝ մեկնաբանելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ այս օրինագծում անգամ որոշ բացթողումներ են եղել: «Օրինագծի համաձայն՝ եկամտահարկի ընթացիկ տոկոսադրույքները նվազեցված եւ հավասարեցված կլինեն: Հանրային դժգոհություն է առաջացել ատամնաբույժների եւ ատամնատեխնիկների վերաբերյալ, որի պատճառն այն է, որ արտոնագրային հարկի չափերի հետեւանքով անհավասար դաշտ է ստեղծվում, բայց հունիսի 1-ից նրանց թույլ կտան աշխատել հարկման սովրական համակարգով»,- պարզաբանեց Համբարձումյանը:
Նա դրական է համարում նաեւ այն, որ նախկինում ապրանք ներմուծողներին ու արտադրողներին, որոնք ենթակա էին ակցիզային հարկման, թույլ չէին տալիս եկամտահարկով աշխատել: Սակայն հիմա, ինչպես նշեց փորձագետը, նոր նախագծով դա նույնպես թույլատրվում է:
Փորձագետը վստահ է, որ դրա հետեւանքով կշահեն փոքր բիզնեսի ոլորտի գինեգործները: