Կարծում եմ՝ ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է ուղղակի վերանա. Լիլիթ Մակունց
Կարծում եմ՝ ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է ուղղակի վերանա. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Դա նախ դիսկոմֆորտ է հենց այն մարդկանց համար, ովքեր իրենք իրենց պարգևատրում են և ընդհանրապես, այո, վերադասը, որ նշանակում է, պետք է որոշակի չափորոշիչների համաձայն պարգևատրի, ոչ թե այս կամ այն չափով»,-ասաց նա:
Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին իրենց խմբակցությունը հանդիպում կունենա Ֆինանսների նախարարի հետ, և քննարկման օրակարգում է ոչ միայն Հարկային օրենսգիրքը, այլ նաև պարգևատրումների հարցը:
Հարցին, թե հրավիրվում են այն գերատեսչությունները, որոնք անհարկի մեծ գումարներով են իրենց պարգևատրել, Մակունցը նշեց, որ այո, այդ գումարների չափն իրենց անհանգստացրել է և նպատակահարմար են գտել առաջին հերթին իրենց հետ հանդիպել: Նա նշեց, որ լուծումները բոլորի պարագայում լինելու են նույնը:
Մակունցի խոսքով՝ Կառավարությունում նույնպես հարցը դիտարկման ենթակա է, և մշակում են մեխանիզմներ, որ պարգևավճարները չափելի կլինեն, ոչ թե լինի լողացող համակարգ: Բացի այդ, նա նշեց նաև, որ պարգևավճարների ինստիտուտը կարևոր է խրախուսելու առումով, որակյալ մասնագետների արտահոսք չունենալու առումով դեպի մասնավոր սեկտոր, բայց միաժամանակ իրենց համար չափազանց կարևոր է հանրային արձագանքը և արդարության զգացումը, որը պարտադիր պետք է պահպանվի:
«Պետք է այս ամենը բալանսավորվի և հասկանանք՝ ինչպիսի՞ գործիքներով պետք է առաջ գնանք»,-ասաց նա:
Անդրադառնալով Կառավարության ծրագրին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ այս շաբաթ կքննարկեն, բայց հավելեց՝ չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա: «Հանձնաժողովներն առանձին իրենց դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական առումով, այնպես որ կտեսնենք՝ ինչ են առաջարկում կառավարությունից, ըստ այդմ էլ առաջարկներ կներկայացնենք»,-ասաց նա:
Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը ևս, ըստ նրա՝ մոտ ապագայում կլինի ԱԺ-ում. «Հստակ չեմ կարող ասել՝ ինչ ժամկետում, բայց վերջնական փուլում է»,-ասաց նա և նշեց, ենթադրում է, որ ինչպես նախապես ասվել է, նախարարների թիվը 17-ից կդառնա 12:
Իսկ թե ինչ նկատի ունի քայլ առ քայլ սուպերվարչապետական համակարգը վերացնելու մասին հայտարարելով, Մակունցը նշեց. «Այս պահին չեմ կարող ասել՝ որոնք կլինեն այդ քայլերը, բայց ամենաառաջինը պետք է խորհրդարանն իր վերահսկողական և բոլոր գործառույթներն ամբողջովին կիրառի և տեսնի՝ ինչ է մեզ ավելի անհրաժեշտ և այդ ուղղությամբ էլ գնա, բայց նախ օգտագործի այն ամբողջ գործիքակազմը, որ ունենք, որը սովորաբար չենք կիրառում»,-ասաց նա: