Քաղաքապետարանից ինձ ասում են՝ կա՛մ գնա շուկա, կա՛մ ինչ ուզում ես արա. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում: Նրանք բողոքում են փողոցում առևտուր անելու արգելքից:
Բողոքի ակցիաների մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա տա բոլոր խնդիրների լուծումները: Նրանց հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պայմանավորվել ակցիայի մասնակիցներից մեկի հետ, որ այսօր երեկոյանը իրեն զանգահարեն և փորձեն հարցի լուծումը տալ:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ արդեն 2 ամիս է՝ դրսում առևտուր չի անում.
«Ես 40 տարվա հաճախորդ ունեմ, հացի փող չունեմ, դեղ չունեմ»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից Կարեն Դադոյանը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները վերավաճառողներ են.
«Փողոցային առևտրով զբաղվողները շուկաներում չեն կարողանում վերավաճառել: Շուկաներում սակագները 2 հազարից 3 հազար դրամ են: Փորձը ցույց է տալիս, որ նոր շուկա գնալը և հաճախորդ հավաքելը կտևի 3-4 ամիս, իսկ մեր ապրանքը 2-3 օրվա ժամկետ ունի: Քաղաքապետարանի աշխատակազմից ինձ ասում են՝ կա՛մ գնա շուկա, կա՛մ էլ ինչ ուզում ես արա: Արգելելով՝ մենք հեռու չենք գնա»: