Կոկորդիլոսներին տոնական սեղաններին չեք տեսնի. կոկորդիլոսաբուծարանի տնօրեն
«Մենք դիմել էինք դեռևս նախկին կառավարությանը: Մեզ ասել էին՝ Տավուշի կամ Արմավիրի մարզում կարող են տարածք տալ: Հեղափոխությունից հետո արդեն սկսեցինք խոսել նոր մարզպետների հետ և այդ ժամանակ առաջարկեցին Արարատի մարզը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացող «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը:
Նա պատմեց, որ հողը դեռ չեն գնել և աշխատում են առհասարակ պետության հետ շատ գործ չունենալ՝ շեշտելով, որ դա մասնավոր բիզնես է:
Կոկորդիլոսաբուծարանի տարածքը գտնվում է Արարատի մարզի Դաշտավան գյուղում: Տարածքում Հրազդան գետն է, ինչպես նաև կա լքված ջրանցք, որը ընկերությունը պատրաստվում է մաքրել և կարգի բերել:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի հետ հետ առաջացած խնդիրներին, կոկորդիլոսաբուծարանի ղեկավարն ասել է հետևյալը.
«ՊԵԿ-ի հետ կապված խնդիր չունենք, այստեղ խնդիրը ապրանքի կոդն է: Քանի որ առաջին անգամ է, որ ներկրում ենք կոկորդիլոս, նրանք չունեն նման պրակտիկա և ուզում են հասկանալ, թե ինչ են ներկրելու»,- ասել է Խաչատուր Սարգսյանը և հավելել, որ այդ ծրագրում դեռևս գումար ներդրված չէ:
«Մենք ուզում ենք ճշտել ու հետազոտել դաշտը, ստեղծել մասնագիտական խմբեր: Յուրաքանչյուր բիզնես նախապատրաստման համար պահանջում է նվազագույնը մեկ տարի»,- ասել է Սարգսյանը:
Հայտնի է, որ կոկորդիլոսի մեկ ձուն արժե 400 դոլար: Այն ներկրելու են աֆրիկյան երկրներից՝ Տանզանիայից, Քենիայից ու Ուգանդայից:
Լրագրողների այն հարցին, թե որն է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացելու նպատակը, Խաչատուր Սարգսյանը պատասխանել է, որ հիմնական շեշտը դրվելու է զբոսաշրջության զարգացման վրա: Այգում լինելու են նաև այլ կենդանիներ` հավեր, սագեր ու հիմնականում դա լինելու է ժամանցի վայր: Միայն յոթ տարի հետո հնարավոր կլինի այդ այգում կոկորդիլոս բուծել, քանի որ կոկորդիլոսները շատ դանդաղ են զարգանում:
Կոկորդիլոսաբուծարանի ղեկավարը նաև կես կատակ, կես լուրջ շեշտեց, որ կոկորդիլոսներին չենք տեսնի տոնական սեղաններին:
Կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն դոլար, ընդհանուր առմամբ կառուցումից հետո 300-500 աշխատատեղ կհիմնվի: