«Զիբիլիքսի» գործով ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը դատապարտվեցին տուգանքի
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործով դատավճիռը:
Դատավճռով՝ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվել են տուգանքի՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Արմեն Ազոյանը, Երվանդ Բեգլարյանը, Աշոտ Գևորգյանը, Հովհաննես Գալստյանը, Մինաս Շահինյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Հակոբյանը դատապարտվել են 2 միլիոն 300 հազար դրամ տուգանքի:
Գործով մյուս ամբաստանյալ Հեղինե Փոքրարյանի պատիժը մեղմացվել է և նա դատապարտվել է 2 միլիոն 250 հազար դրամ տուգանքի:
Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում՝ նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ, ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Գործով անցնող բոլոր ամբաստանյալներն ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը միջնորդել էր 3-ական տարվա ազատազրկման դատապարտել Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանին, ինչպես նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալներին դատախազը միջնորդել էր տուգանքի դատապարտել: