«Սալամ Ալեյքում». ԱՄԷ այցից առաջ Հռոմի պապը ողջունել է Էմիրությունների բնակիչներին (տեսանյութ)
Երկուշաբթի, Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանում Հռոմի պապը: Արաբական այս պետության քաղաքացիների թվում քիչ են քրիստոնյաները, սակայն կա մոտ 800 հազար ոչ մշտական բնակիչ, որոնք կաթոլիկ եկեղեղու հետևորդներ են: Նրանց թվում են Ասիայի հարավային ու հարավարևելյան երկրներից աշխատանքի համար Էմիրություններ եկածները:
«Սալամ Ալեյքում: Խաղաղություն ձեզ», – այցից առաջ արաբական պետության բնակիչներին դիմել է Ֆրանցիսկոս պապը:
Այցը ուղղված է լինելու բարեկամության ու հանդուրժողականության ցուցադրությանը: Սա արդեն իսկ միջազգային հասարակական կազմակերպությունների մոտ մտահոգություններ է առաջացրել: Մասնավորապես Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ արաբական միապետությունն այս այցը օգտագործելու է իր վարկը բարձրացնելու համար, մինչդեռ Հռոմի պապը այնտեղ պետք է մարդու իրավունքների խնդիրների մասին բարձրաձայնի:
Հայտնի է, որ պապի այցելության ընթացքում սպասվում է նաև տեղի հայկական եկեղեցական վերնախավի հետ հանդիպում: