Հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված, չմտածված քայլ է. Տիգրան Աթանեսյանը՝ փաստաբաններին հարկելու մասին
Ակնհայտ է, որ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված, չմտածված քայլ է։ Այս մասի այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը
«Ակնհայտ է, որ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված, չմտածված քայլ է, պարզապես մեր պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել բյուջե և շատ սխալ տեղ են գտել։ Մասնավորապես մեր մասնագիտությանը դա շատ մեծ հարված կհասցնի և ոչ այն պատճառով, որ մենք չենք ուզում հարկեր վճարել, նման բան չկա։ Շատ փաստաբանական գրասենյակներ աշխատում են ԱԱՀ–ով, քանի որ շրջանառությունը մեծ է։ Դա լուրջ հարված կլինի ինքնուրույն աշխատող փաստաբաններին, սկսնակ փաստաբանների համար, քանի որ նրանց հոնորարների չափերը առավել քան համեստ են եւ թույլ չեն տալիս վարձել հաշվապահ, վարելու այդ հաշվապահությունը, ի վերջո, այդ գումարների մեջ չարժե այդ ամենը անել։ Խոսքը գնում է մարզերում ինչ–որ 10-20 հազար դրամի կարգի գումար են մարդիկ աշխատում, հարկել ԱԱՀ–ով ուղղակի վնաս է այդ մարդկանց եւ ծիծաղելի է»,– ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ քաղաքացիները չեն կարող ավելի շատ վճարել փաստաբանին, դրանից միայն փաստաբանի եկամուտներն են նվազելու։
Փաստաբանի կարծիքով՝ նախագիծը չուներ հիմնավորում, իսկ ներկայացված հիմնավորումը ոչ միայն զավեշտալի էր, այլ նաև տգետ. «Այդ հանցագործներին սուբիսդավորելու միտքը, ինչ–որ զառանցական միտք է։ Փոխնախարարը դա ասելիս, պետք է մտածեր, որ այսօրվա վարչապետը ինքն էլ է ժամանակին եղել չակերտավոր հանցագործի կարգավիճակում և ստիպված է եղել վճարել փաստաբանական ծառայությունների դիմաց։ պետական պաշտոնատար անձը իրավունք չունի նման կիքսեր իրեն թույլ տալու համար»։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով փաստաբանները կհարկվեն ոչ թե շրջանառության հարկով, այլ՝ ԱԱՀ-ով։ Սա նշանակում է, որ փաստաբանների հարկային բեռը մի քանի անգամ ավելանում է, ինչը հարուցել է փաստաբանների դժգոհությունը։