Հունվարի 1-ից ևս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում․ Արսեն Թորոսյան
Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։
Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։ Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»։