Հայաստանն արդեն իսկ ունի բավականին լավ մշակված ծրագրեր թվայնացման ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
Ղազախստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովի լիագումար նիստին հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Եվրասիական նորարական էկոհամակարգին նվիրված համաժողովին մասնակցել են ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների վարչապետները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը եւ ՏՏ ոլորտում միջազգային փորձագետներ:
Լիագումար նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր ելույթում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ղազախական կողմին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս համաժողովը կարեւոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու ԵԱՏՄ երկրների ջանքերը՝ ուղղված տնտեսությունների թվայնացմանը եւ դրանով իսկ դրանց մրցունակության բարձրացմանր: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թվայնացման ոլորտին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:
Իր ելույթում փոխվարչապետը նաեւ անդրադարձել է առաջիկայում Երեւանում մեկնարկող Ինժեներական քաղաքի կառուցմանը, որը կնպաստի նորարարական գաղափարների մշակմանն ու դրանց ներդրմանը ոչ միայն տեղական շուկայում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ունի բավականին լավ մշակված ծրագրեր թվայնացման ուղղությամբ, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում, որը կարող է հիմք հանդիսանալ թվայնացման հետագա զարգացման եւ այդ ոլորտում ԵԱՏՄ երկրների հետ փորձի փոխանակման համար: ՏՏ ոլորտում կրթությանն անդրադառնալիս Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, որն արդեն հայկական բրենդ է դարձել ամբողջ աշխարհում: Փոխվարչապետը համաժողովի մասնակիցներին որպես հաջողված փորձ ներկայացրել է նաեւ Հայաստանում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնասիրել ռոբոտաշինությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից հրավիրել է համաժողովի հյուրերին եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը տեղի է ունենալու Երեւանում այս տարի հոկտեմբերի 6-9-ին: Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններ: