Մաթոսավանքի տարածքում զբոսաշրջիկների վրա կատաղած շուն է հարձակվել
«Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասում՝ Մաթոսավանքի տարածքում, զբոսաշրջիկների վրա հարձակվել է կատաղության բոլոր սինդրոմներն ունեցող շուն։ Այս մասին տեղեկացանք «Բնապահպանի տուն» facebook-ի էջից:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Շան մոտ առկա է եղել կախված ու քարացած ծնոտ, բերանից գնացել է փրփուր և ոչ մի ռեակցիա չի տվել պաշտպանվելու համար իր կողմ շպրտվող քարերին ու փայտերին։
Քանի որ նրա հետ եղել են մի քանի ուրիշ թափառական շներ, շատ հնարավոր է, որ հիվանդությունն իրական լինելու դեպքում մնացածն էլ վարակված լինեն։ Եթե կատաղությունը կա, ուրեմն հեշտությամբ կարող է թափանցել քաղաք կամ վարակել վայրի կենդանիներին։ Հնարավոր է, որ այն շներին անցել է հենց վայրի կենդանիներից։
Խնդրում ենք պատկան մարմիններին միջոցներ հանձն առնել այս փաստը ստուգելու և հնարավոր վտանգի դեմն առնելու համար։ Մենք անձամբ կհետևենք, որպեսզի այս ամենը չվերածվի թափառական շների մասսայական սպանդի, այլ դառնա հնարավոր վտանգի ստուգման և զուտ վնասազերծման պրոցես։
Փաստի մասին արդեն տեղյակ ենք պահել «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությանը»: