Թեհրանում առաջին անգամ կցուցադրվեն Արա Գյուլերի աշխատանքները
Իրանի մայրաքաղաք Թեհրանում առաջին անգամ կբացվի լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը, տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող պարբերականներից «ՀայԹերթը»:
Նշվում է, որ «Կորած պատմության հիշողությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 1-ին:
Հայտնի է, որ ցուցասրահում Գյուլերի հայտնի լուսանկարներից բացի կցուցադրվեն նաև նրա մասնակցությամբ ռեպորտաժներից կադրեր, նրա մասին հիշողություններ փոխանցող կարճ հոլովակներ և հարցազրույցներ:
Կազմակերպիչները փորձել են սրահում ստեղծել Գյուլերի՝ Ստամբուլում գործող «Արա կաֆե» հայտնի սրճարանի մթնոլորտը՝ համապատասխան կահավորելով տարածքը:
Հիշեցնենք, որ պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին:
Արա Գյուլերն իր կյանքի 90 տարիների ընթացքում հասցրել էր կոչվել աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը, դառնալ Ամսագրային լուսանկարիչների ամերիկյան հեղինակավոր միության՝ Թուրքիայից առաջին ու միակ անդամը, աշխատել միջազգային ու թուրքական ամենահեղինակավոր պարբերականների հետ, բազմիցս արժանանալ Թուրքիայի լավագույն ֆոտոլրագրողի կոչմանն ու միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցանակների: