Արտահանման ծավալներն աճել են. Տիգրան Խաչատրյան
«2017 թվականի համեմատ, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, արտահանման ծավալներն աճել են մինչև 11 տոկոսով, դա աճ է և բավականաչափ տպավորիչ արդյունք է: Տարեկան արդյունքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշել է, որ նվազում կա հանքարդյունաբերության ոլորտում Թեղուտի հանքավայրի շահագործումը փետրվարից դադարեցնելու հետևանքով:
«Թեղուտն ուներ արտահանման կառուցվածքում զգալի ազդեցություն: Համապատասխանաբար, այդ բացակայող կտորը տնտեսության մեջ բավական զգալի է: Բանկի հետ ունեն կազմակերպական հարցեր, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է ավարտին հասցվեն: Հույս կա, որ հանքի շահագործումը կվերսկսվի: Որևէ բան չի խանգարում, որ իրենց միջև հարաբերությունները պարզելուց հետո անցնեն համագործակցության: Եթե 2017թ. նրանք 120 մլն դոլարի արտադրանք են արտահանել, ապա այդքան էլ մեր արտահանման կառուցվածքում պակաս կլինի. հավասար այլ պայմաններում դա կգումարվեր աճին, և կունենայինք առնվազն 15 տոկոսի աճ»,- ասել է նախարարը: