«Դասղեկական ժամերը հոգևոր քարոզի համար չեն». Արայիկ Հարությունյանը՝ հայտնի միջադեպի մասին
Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման վերանայման հարց նախարարությունում չի քննարկվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, կռավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արային Հարությունյանը: «Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաները և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են և առհասարակ ուսումնական ծրագրերը` բոլորը, վերանայվելու են»,- նշեց նա:
Արայիկ Հարությունյանը պատմեց, թե Արարատի մարզի դպրոցներից մեկում օրեր առաջ իրականում ինչ է տեղի ունեցել, որը հետագայում` որպես «ԿԳ նախարարի և քահանայի միջև բախում» է ներկայացվել. «Կա էդ գյուղում թե տարածքում տեր Դավիթ: Այն ընթացքում, որ ես այնտեղ եմ եղել (դպրոցում` այցով), նա եկել է, հարցրել եմ տնօրենին, թե ինչ է անում քահանան դպրոցում, տնօրենը պատասխանել է, որ քահանային հրավիրում են դասղեկական ժամերին»:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր դպրոց կարող է որոշել` այս կամ այն մարդը ի'նչ գործառույթ ունի իր կառույցում: Ինքը հարցը տվել է տնօրենին, և խոսակցությունը եղել է միայն դասղեկական ժամին հոգևորականի ներկայության հետ կապված, ինչը, ըստ նախարարի, «մեծ խնդիր է»:
«Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար: Ասել եմ, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, և մեր հանդիպումը ավարտվել է ձեռքսեղմումով»,- ընդգծեց նա:
Նախարարը նաև հաղորդեց, որ նախատեսում է հավաքել և դիտարկել այս միջադեպի մասին հրապարակումները. «Եվ եթե դրանց մեջ զրպարտություն կա (իսկ դրանց մեջ զրպարտություն կա), մեղավորները պիտի պատասխանատվություն կրեն»:
Դիտարկմանը, որ ոմանք ակնկալում են, որ նախարարը պիտի ներողություն խնդրի քահանայից` Հարությունյանն արձագանքեց. «Էդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պիտի ներողություն խնդրեն»: