«Նաիրիտ»-ի հարցը զգայուն է.կառավարությունում այն կարող է քննարկվել, երբ լինի առարկայական. Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորություններին:
Լրագրողները հետաքրքրվեցին` իրակա՞ն են խոսակցություններն այն մասին, որ չինացի ներդրողները հետաքրքրված են այս գործարանով: Խաչատրյանն ասաց, որ չինացիների մասին տեղեկացված չէ, տեղյակ է, որ նրանք հետաքրքրված են որոշակիորեն, բայց մանրամասներից տեղյակ չէ: Նա հայտնեց, որ այլ կազմակերպության հետ քննարկումներ են եղել:
«Քննարկումներ եղել են, բայց ասել, որ կա ներդրումային առաջարկ, ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակն է ներկայում, քննարկումները, որ կան, մասնագիտական հարթության վրա են»,- ասաց նա:
Հարցին` պետությունը հակվա՞ծ է գործարանը վերաբացել, նա պատասխանեց.
«Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսական զարգացման բոլոր նախաձեռնությունները, եթե դրանք իրատեսական են: «Նաիրիտ»-ի հարցը զգայուն է»:
Նախարարից հետաքրքրվեցին` արդյո՞ք գործարանի սնանկացման գործընթացով չեն վնասում ներդրումների ներգրավման գործընթացին, նա ասաց, որ սնանկացման գործընթացն իրականացվում է օրենքով սահմանված կարգով. կան պարտատերեր, այդ վարույթը սպասարկող, դատարանի որոշմամբ նշանակված կազմակերպիչներ: Իսկ պե՞տք է կասեցնել սնանկացման գործընթացը, թե՞ ոչ, այդ մասին դատարանը պետք է որոշում կայացնի կողմերից մեկի նախաձեռնությամբ:
«Վերագործարկե՞լ «Նաիրիտը», թե՞ չվերագործարկել, կառավարությունում այս հարցը կարող է քննարկվել, երբ լինի առարկայական, հստակ հաշվարկելի ծրագիր»,- պատասխանեց նախարարը: