Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն:
«Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, 7-18 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանում են առանց համավճարի կիրառման՝ ի տարբերություն նախկինի, երբ նրանք նաև համավճար էին վճարում, այսինքն՝ մի մասը պետությունն էր վճարում, մի մասը՝ իրենք: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի»,- ասել է Հայաստանի առողջապահության նախարարը:
Ըստ նախարարի՝ նախատեսված են նաև լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստումը, տեղադրումը, վերանորոգումը, մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթների բուժումը:
«Էս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ»,- հավելել է Թորոսյանը: