«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կրկին կառավարության դիմաց են. նախագիծն օրակարգում չէ
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր՝ հունվարի 31-ին, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հասկանալ, թե ինչու աջ ղեկային համակարգով մեքենաների ներկրման թույլատրման օրենքի նախագիծը ներառված չէ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ այսօրվա նիստում պետք է քննարկվեր և հավանություն ստանար այդ նախագիծը, սակայն այն օրակարգում չկա. «Վարչապետի հանձնարարականով «Ղեկը աջ» նախաձեռնությունը եւ մյուս գերատեսչությունները համատեղ նախագիծ են պատրաստել աջ ղեկերի հարցը լուծելու համար։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում, հանրային քննարկում է եղել, 97 տոկոսը կողմ են քվեարկել, այսօր նախագիծը պետք է հավանություն ստանար կառավարության նիստում, ապա գնար Ազգային ժողով և օրենքի տեսք ստանար։ Մենք եկել ենք հետաքրքրվենք, թե ինչու այսօր նախագիծը չի մտել կառավարության օրակարագ։ Խնդիրը շատ հրատապ է»։