Կոտայքի ոստիկանության պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև մահվան ելքով միջադեպով. ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Կոտայքի մարզի վարչության և Աբովյանի բաժնի պետերի՝ ոստիկանապետի կողմից պաշտոնանկ արվելու վերաբերյալ:
Պարզաբանման մեջ նշվում է, որ չնայած ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, սակայն կոնկրետ այս դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով զոհ և վիրավորներ էին գրանցվել:
Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը:
Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Ոստիկանությունը հետևողական է բոլոր միջոցներով, այդ թվում և կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար»: