Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018թ. տարեկան զեկույցի մասին (տեսանյութ)
2018 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված և բարդ ժամանակաշրջան էր՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ ու հետագա քաղաքական զարգացումներով՝ ՏԻՄ և ԱԺ արտահերթ ընտրություններով։
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի դիտարկումների՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների գերակշիռ մասը գրանցվել է ապրիլին՝ հեղափոխության ամենաթեժ շրջանում։ Արձանագրվել է լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպք։ Այդ 26 միջադեպերից 15-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, դրանցից 4 գործ մտել է դատարան, որից առայժմ միայն 3-ով է դատավճիռ կայացվել։ Մնացած դեպքերով կամ ի սկզբանե քրեական գործ չի հարուցվել, կամ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, կամ էլ արդեն հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա դրանք շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից նաև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Հակառակ ձևավորված վատ ավանդույթի, երբ ընտրությունները զուգորդվում էին ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների բազմաթիվ խախտումներով, այս անգամ դրանք սակավաթիվ էին։ Այսպես, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվել է 1 բռնության և 1 մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստ, ԱԺ ընտրությունների օրը լրագրողների ու օպերատորների նկատմամբ ուժ կիրառելու փորձ անգամ չի եղել, իսկ մասնագիտական գործունեության խոչընդոտման 3 դեպքից 2-ը տեղում հարթվել են, իսկ 1-ն ուղարկվել է քննության։
Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ի ընթացքում գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 67 է, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներինը՝ 98։ Ստորև ներկայացնում ենք 2018 թվականի (ըստ եռամսյակների), ինչպես նաև՝ 2017 և 2018 թթ. համեմատական տվյալները՝ աղյուսակներով։
2018 թ. խախտումների քանակական տվյալները՝ ըստ եռամսյակների