Շտապօգնության ծառայության աշխատակիցները ցանկանում են աշխատատավարձի բարձրացում
Շտապօգնության ծառայության մի խումբ աշխատակիցներ այսօր հավաքվել են
ծառայության Կենտրոնի ենթակայանում՝ աշխատանքային պայմանների վերաբերյալ
իրենց բողոքները տնօրենին ներկայացնելու համար: Հավաքվածների մեծ մասը
շտապօգնության մեքենաների վարորդներ են եղել:
Նրանք ասել են, որ աշխատանքային պայմանների վերաբերյալ մի շարք բողոքներ ունեն,
որոնք ցանկանում են ներկայացնել իրենց տնօրենին: Աշխատակիցներից մեկի խոսքով՝ իրենք ցանկանում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային ժամերի
կարգավորում:
«Աշխատանքը շատ ծանր է: Կանչերը շատ-շատ են: Ո՛չ կարողանումենք հաց ուտել, ո՛չ զուգարան գնալ, հետն էլ չնչին կոպեկներով աշխատանք»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Մեզ հետ զրույցում Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը
նշեց, որ այդ հարցերի վերաբերյալ պատրաստվում է քննարկում կազմակերպել
աշխատակիցների հետ: Ստեփանյանի խոսքով՝ բողոքի պատճառներից մեկն էլ այս
տարի գրանցված կանչերի թիվն է: Ըստ նրա՝ նման քանակությամբ կանչեր ծառայությունը ոչ տոնական օրերին երբևէ չի գրանցել: Այս պահին օրական 800
կանչ են արձանագրում:
«Մարդիկ (խմբ.-աշխատակիցները) ուզում են հասկանալ՝ կարողանալո՞ւ ենք ավելացնել բրիգադները, թե՞ ոչ, կարո՞ղ ենք ակնկալել աշխատավարձի բարձրացում, թե՞ ոչ, կկարողանա՞նք կիրառել սոցցփաթեթ, թե՞ ոչ: Այդ հարցերը, բնականաբար, ներկայացված են, քննարկվում են, կարծում եմ՝ դրա լուծումները կգտնվեն»,- ասաց Ստեփանյանը: