Այսօր ամենաբարդ իրավիճակում առաքիչներն են. ավագանու անդամը՝ ծառայողական մեքենաների կայանման մասին
Տնտեսվարողը պետք է հասկանա, որ եթե մենք իրեն արտոնում ենք մի տեղ կայանել, վաղը մյուս օրը նա կարող է անհարմարություններ կրի, երբ ռեստորանի դիմաց չկարողանա կանգնել, որովհետեւ այնտեղ էլ ենք մենք արտոնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված ավագանու նիստին հայտարարեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ խոսելով «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին» որոշման նախագծի մասին։
Նրա խոսքով՝ այդպիսով մի շղթա է ստեղծվում, որը բավականին բարդ է. «Իսկ ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել, նախ որտեղից է այդ ագրեսիան մարդկանց մոտ ծառայողական մեքենաների հանդեպ, մեկը ես էի, որ միշտ ագրեսիվ էի տրամադրված ծառայողական մեքենաների հանդեպ։ Դա մշակույթի խնդիր է։ Դա առաջացել է, որովհետեւ ինչ–որ մարդիկ, ինչ–որ հաստավզեր հարձակվում էին, նույնիսկ մեքենաներն էին վնասում՝ ասելով գնա այստեղից։ Այսինքն՝ սա մշակույթի խնդիր է, որ մենք չենք կարողանում մեկս մյուսին լսել, մեկս մյուսի դրության մեջ մտնել»։
Մյուս հարցը, ավագանու անդամի խոսքով, այն է, որ մենք ունենք քաղաքաշինության խնդիր. «Տարիների ընթացքում փողոցների վրա սնկի պես շատացել են խանութներն ու սրճարանները, գրասենյակային տարածքները, սակայն ոչ փողոցի լայնությունն է փոխվել, ոչ ստորգետնյա կամ վերգետնյա կայանատեղիներ են կառուցվել, արդյունքում մենք եկել ենք այս իրավիճակին, որը մարտահրավեր է հենց մեզ համար»։
Իզաբելլա Աբգարյանը շեշտեց՝ այսօրվա դրությամբ մենք ունենք օրենսդրություն, որին պարտավոր ենք հենվել, օրենսդրություն, որը չի արգելում տրամադրել ծառայողական մեքենաներ. «Ինչպե՞ս պետք է տնտեսվարողին բացատրենք, թե ինչու ենք մերժում, եթե նշված չէ չափանիշ, որով մերժում ենք։ Այսպիսի իրավական կազուսի մեջ ենք մենք հայտնվում»։
Ավագանու անդամը նկատեց՝ այսօր ամենաբարդ իրավիճակում առաքիչներն են գտնվում, քանի որ մատակարարը նրան պարտադրում է ապրանքը տեղ հասցնել, սուպերմարկետը պահանջում է, որ ապրանքը գա ու ամբողջ կռիվն ու ագրեսիան կիրառվում է առաքիչների հանդեպ։ «Այո՛, բիզնեսի կազմակերպման խնդիր ունենք, որովհետեւ բիզնեսը մայրաքաղաքում չպետք է արթնանա մյուս քաղաքացիների հետ, նա պետք է 2 ժամ շուտ արթնանա կամ 2 ժամ ուշ քնի, կազմակերպի իր առաքումը։ Սա մայրաքաղաքում բիզնես վարելու հարց է»,–եզրափակեց նա։