ԱՄՆ-ն Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Գուաիդոյին հասանելիություն է տրամադրել երկրի կառավարական հաշիվներին
ԱՄՆ իշխանությունները Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին հասանելիություն են տրամադրել ամերիկյան բանկերում երկրի կառավարական հաշիվներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հունվարի 25-ին հաստատել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի իրավունքը՝ ստանալու և տնօրինելու Վենեսուելայի կառավարության կամ Կենտրոնական բանկի հաշիվներում առկա որոշակի կարողությունը, որը պահվում է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկում և այլ բանկերում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Կարակասի և PDVSA պետական նավթային ընկերության դեմ: Միացյալ Նահանգները կոչ է արել միջազգային հանրությանը Խուան Գուաիդոյին ճանաչել Վենեսուելայի օրինական ժամանակավոր նախագահ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում գործող նախագահի դեմ զանգվածային բողոքի ակցիաները մեկնարկել են հունվարի 21-ին: Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ ցույցերի ժամանակ ձերբակալվել է 791 մարդ, զոհվել՝ 29:
Բողոքների ֆոնին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Իսրայելը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:
ԵՄ երկրները կոչ են արել ութ օրվա ընթացքում արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել Վենեսուելայում, այլապես Գուաիդոյին կճանաչեն ժամանակավոր նախագահ: