Ավագանին դեմ է քվեարկել «Ամերիայի» ծառայողական ավտոկայանատեղիի շահագործման իրավունք տալու մասին նախագծին
Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվել է«Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իրավիճակը: Իրավական հարցերի հանձնաժողովի տնօրենի տեղակալ Գայանե Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը բացասական եզրահանգում է տվել այս հարցին: Քվեարկության արդյունքում 3 կողմ, 30 դեմ, 5 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց:
Օրակարգում քննարկվեց նաև քաղաքացի Լևոն Բարդակջյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը: Հենրիկ Նավասարդյանի խոսքերով՝ այս ավտոկայանատեղին գտնվում է Վաղարշյան փողոցի վրա և ավտոկայանատեղին շահագործվում է սրճարանի և Ավետարանչական եկեղեցու սպասարկման համար: Գայանե Մելքոմյանը նշեց, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրահանգում: Քվեարկության արդյունքում 20 կողմ, 4 դեմ, 9 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:
Օրակարգի հաջորդ հարցն էր քաղաքացի Սարգիս Կարապետյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: Խոսքը վերաբերում էր Տերյան փողոցի վրա գտնվող ավտոկայանատեղին, որը սպասարկում է «Տաշիր գրուպ» ընկերությանը: Իրավական հարցերի հանձնաժողովը այս հարցին ևս տվեց բացասական եզրակացություն (13 կողմ, 8 դեմ և 22 ձեռնպահ ձայներով):