Ավագանին դեմ քվեարկեց «Էլիտ-Պլազա» ՓԲԸ-ին ավտոկայանատեղիի շահագործման իրավունք տալու նախագծին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իրավիճակը.
«Նշեմ, որ այս կազմակերպությունը ներկայացնումը բիզնես կենտրոն է և ունի 600 աշխատակից: Հաշվի առնելով իր առավելությունները՝ որպես բիզնես կենտրոն, նախկին ավագանու ժամանակ բացառության կարգով հաստատվել է»:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարց ուղղեց այն մասին, որ բիզնես կենտրոնն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի, ապա ինչո՞ւ է արտոնյալ պայմաններ հատկացվում դրան: Իր հերթին, Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ «Էլիտ-Պլազան» ունի ստորգետնյա ավտոկայանատեղի, սակայն կենտրոնը խնդրել է բացառություն անել:
«Իմ քայլը » խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը նշեց, որ դեմ է քվեարկելու, որպեսզի հրապարակները լինեն ազատ:
«Էլիտ-Պլազա» ՓԲԸ տնօրեն Դավիթ Մկոյանը ևս ելույթ ունեցավ և նշեց, որ իրենք կարիք ունեն տեղավորել վարձակալած ընկերություններին: Նա նշեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղին ունի ընդամենը 120 տեղ: Նա նաև անդրադարձավ որոշակի իրավական փաստաթղթերի, ըստ որոնց՝ խնդրեց կողմ քվեարկել նախագծին:
«Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու սույն օրենքին, քանի որ պետք է ազատել հրապարակները:
Քվեարկության արդյունքում՝ 4 կողմ, 42 դեմ և 5 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց: