Պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որևէ ժամանակ սկսվելուն. Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները Ստեփանակերտում:
«Նորընտիր Բյուրոն ունեցավ ամենաբարձր մակարդակի հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ և, վերադառնալով Հայաստան, անմիջապես նույն տեսակի հանդիպումներ ունեցավ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ»,- ասաց նա:
Տեր-Խաչատուրյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ հայտնել են գործակցության պատրաստակամություն` ի շահ մեր հայրենիքի, երկու պետությունների և ի խնդիր Հայ Դատի: Խոսելով Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին` նա նշեց, որ Դաշնակցության համաժողովն էլ այդ հարցի շուրջ հստակորեն արտահայտվեց` որդեգրելով նախկին մոտեցումները:
«Համաժողովն անհրաժեշտ գտավ, որ Ապրիլյան քառօրյայից հետո և ներկա իրավիճակից ելնելով` մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որևէ ժամանակ սկսվելուն: Ռազմաքաղաքական դաշինքն իրավական հարթության վրա է բերում Արցախի անվտանգության հարցում Հայաստանի դերակատարությունը»,- ասաց Տեր-Խաչատուրյանը: