Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին ու դուստրը. փաստաբան
Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատարանի որոշման մեջ տեղ գտած սխալները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բողոքը: Նրանք նկատի ունեն կալանքը երկարացնելու բոլոր հանգամանքները:
Լրագրողների այն հարցին, թե այս ընթացքում երկրորդ նախագահին ովքեր են տեսակցել, Օրբելյանը պատասխանել է, որ Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին ու դուստրը: Ռոբերտ Քոչարյանը նաև համակարգիչ է ուզել, և Օրբելյանը հայտնել է, որ համակարգչի հարցը դեռ չի լուծվել:
«Համակարգչի հարցը դեռ չի լուծվել: Այստեղ կան օրենսդրական ու տեխնիկական որոշակի խնդիրներ: Ներկայացրել ենք, որ կարող ենք տրամադրել այնպիսի համակարգիչ, որը օբյեկտիվորեն չունենա համացանց մուտք գործելու հնարավորություն: բայց դա դեռևս տեխնիկական փուլում է»,- ասել է Արամ Օրբելյանը: