Դա ուղղակի աբսուրդ է․ Արագածոտնի մարզպետը հերքում է, թե Ուջանի գյուղապետի հետ ձեռնամարտի է բռնվել
«Դա ուղղակի աբսուրդ է․ ձեռնամարտ կամ ձեռնամարտին մոտ ինչ-որ մի բան չի եղել Ուջանի գյուղապետի հետ»․ այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով մամուլի լուրերին, թե նա և Ուջանի գյուղապետը վիճել են, և վեճը հասել է բռունցքներին։
«Իմ աշխատակազմում եղել է սովորական աշխատանքային քննարկում։ Եղել է նորմալ քննարկում, ամեն մեկը ներկայացրել է իր տեսանկյունը։ Ձեռնամարտ չի կարող լինել ոչ Ուջանի գյուղապետի հետ, ոչ էլ ուրիշ մեկի հետ։ Նման բան բացառվում է»,- նշեց մարզպետը։
Նա այդ լուրը որակեց մեծագույն սուտ և հերյուրանք, և հավաստիացրեց, որ նույնիսկ իրար ինչ-որ վիրավորական բառ չեն ասել․ «չգիտեմ՝ ոնց մեկնաբանեմ, դա նույն բանն է, որ գրեն, թե հենց հիմա մեկին ծեծում եմ, հետո ես դա մեկնաբանեմ։ Խոսակցությունը եղել է իմ աշխատասենյակում, ի դեպ, միայն ես ու համայնքի ղեկավարը չենք եղել, բազմաթիվ աշխատակիցներ են նստած եղել այնտեղ։ Նման բան չկա և չի կարող լինել»,- եզրափակեց նա։