ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից ակնկալում է Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն. ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար
Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ակնկալում է մանրամասն և պատշաճ հետաքննություն՝ օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ec.europa.eu-ն:
Մայա Կոսյանչիչն ընդգծել է, ընդհանարապես խոսելով պետք է ընդգծել, որ բոլորին է հայտնի, որ ԵՄ-ն դեմ է և պայքարում է խոշտանգումների դեմ: «Այս համատեքստում մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք սպասում ենք Հայաստանից գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»:
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանի մահվան մասին հայտնի էր դարձել շաբաթ՝ հունվարի 26-ին: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով) ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։ Նա հացադուլի մեջ է գտնվել 44 օր: