Հնդիկ քույրերը 4 տարի որպես տղա են ներկայացել՝ իրենց կաթվածահար հայրիկի վարսավիրանոցն աշխատացնելու համար
Հնդկաստանում երկու պատանի քույրեր վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել իրենց վճռականության և խիզախության համար:
Ինչպես գրում է Oddity central-ը, աղջիկները 4 տարի շարունակ տղա են ձևացել, որպեսզի աշխատացնեն իրենց հոր վարսավիրանոցը վերջինիս հիվանդանալուց հետո: Ուտար Պռադեշ նահանգի գյուղերից մեկում բնակվող Կումարի անունով տղամարդը կաթված է ստացել 2014-ին, որից հետո անկողնուն գամված է մնացել:
Այն ժամանակ 13-ամյա Ջոթին և 11-ամյա Նեհան որոշել են տղայի կերպարով աշխատել վարսավիրանոցում: Նրանք նախ կտրել են իրենց վարսերը և սկսել հագնվել տղաների պես: Սկզբնական շրջանում վարսավիրանոցը փակ է եղել, սակայն ավելի ուշ նրանք ստիպված են եղել մտածել ընտանիքի կարիքները հոգալու մասին:
Այդպիսով, նրանք սկսել են ներկայանալ որպես տղա և սպասարկել տղամարդ հաճախորդներին՝ սափրելով նրանց ու կտրելով վարսերը: Գյուղի բնակիչներից ոմանք շարունակում էին ծաղրել աղջիկներին տղաների պես հագնվելու համար, սակայն նրանք կենտրոնանում էին միայն իրենց աշխատանքի վրա: Նրանց հաջողվել է 4 տարի թաքցնել ինքնությունը, իսկ վերջերս առավել մեծ վստահություն ձեռք բերելով՝ նրանք բացահայտել են իրենց գաղտնիքը:
Նշվում է, որ քույրերի հայրը վերջերս սկսել է նորից քայլել և հայտնել է, թե որքան է հպարտանում իր աղջիկներով: