Պետք է գնանք ոստիկանների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով. Փաշինյան
ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունները:
«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով:
Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի
ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար: