Նախորդ տարիների համեմատ՝ 2018-ին ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ. Դավիթ Տոնոյան
Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանի ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդակցության ժամանակ նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:
«Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ 2018 թ. հիմնական ձեռքբերումներից են եղել նաև զինված ուժերը քաղաքական գործընթացների վրա ազդեցությունից զերծ պահելը, ինչը լավագույնս դրսևորվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև զորակոչային գործընթացում կատարված փոփոխությունները. «Արմատական քայլեր են ձեռնարկվել զորակոչային գործընթացի թափանցիկության և արդարության բարելավման, պետություն-զինվոր-ընտանիք մշտական կապի ամրապնդման և հստակեցման ուղղությամբ: Դա դրսևորվել է նաև ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման խնդիրների բարելավման, ընդ որում՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում»:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ շարունակվել է արդյունավետ համագործակցության զարգացումը Հայաստանի դաշնակիցների և գործընկերների հետ ոչ միայն գործող պայմանագրերի շրջանակում, այլև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ:
Նրա խոսքով՝ նաև ավարտին են մոտենում բանակի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները: «Ընթացքի մեջ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու», - նշել է նախարարը: