Հայը, ով խաղացել է «Բարսելոնա»-ում
Ֆուտբոլի պատմության մեջ քիչ դեպքեր են եղել, երբ եվրոպական թոփ ակումբներում հայկական ծագումով ֆուտբոլիստներ են ելույթ ունեցել: Ամենահայտնի դեպքը, երբ Հին աշխարհամասի գրանդ ակումբներում իր խաղով աչքի է ընկել, Հենրիխ Մխիթարյանն է, ով խաղացել է Դորտմունդի «Բորուսիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և Լոնդոնի «Արսենալ»-ում: Սակայն քչերը գիտեն, որ 20-րդ դարի 70-ական թվականներին իսպանական երկու թոփ ակումբներից մեկում՝ կատալոնական «Բարսելոնա»-ում, ելույթ է ունեցել հայազգի ֆուտբոլիստ:
Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը ծնվել է 1953 թվականին` Ուրուգվայի մայրաքաղաքում Մոնտեվիդեոյում: Քեշիշյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ուրուգվայական «Նասիոնալ»-ում: Հայազգի ֆուտբոլիստը խաղացել է կիսապաշտպանությունում: 1973 թ. կարիերան Եվրոպայում շարունակելու առաջարկ է ստացել: Քեշիշյանի առաջին եվրոպական ակումբը եղել է «Ռեալ Վալյադոլիդ»-ը:
«Վալյադոլիդ»-ում հաջող ելույթներից հետո 1976 թ. Քեշիշյանը տեղափոխվել է «Բարսելոնա», ներկա ժամանակների համար համեստ՝ 20 000 դոլար գումարով:
«Կապտա-նռնագույններ»-ի կազմում առաջին մրցաշրջանում Քեշիշյանը մասնակցել է 33 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Նույն տարում «Բարսելոնա»-ի կազմում դարձել է Իսպանիայի գավաթակիր:
Հայ կիսապաշտպանը իսպանական գրանդի կազմում ելույթ է ունեցել երկու տարի` մասնակցելով 55 հանդիպման: «Բարսելոնա»-ից հետո Քեշիշյանը ելույթ է ունեցել իսպանական «Սալամանկա» և «Էսպանիոլ» ակումբներում: Նրա վերջին ակումբը Մոնտեվիդեոյի «Դանուբիոն» է եղել, որտեղ 1985 թվականին ավարտել է կարիերան: